Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով

Այսուհետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան 20 հասցեում, կգործի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Գրասենյակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը:

Աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշման ու այլ հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել նորաբաց կենտրոն և անվճար հիմունքներով օգտվել կնետրոնի ծառայություններից:

Այսօր՝ գրասենյակի պաշտոնական բացման արարողության ժամանակ, ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ ներկայիս աշխատաշուկայի լարված պայմաններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրը բավականին սուր է դրված: Ըստ նրա՝ հաճախ են հանդիպում գործատուների կողմից աշխատողների իրավունքների ոտնահարման ամենատարբեր դրսևորումներ: «Շատ հաճախ մարդիկ, չիմանալով, թե ում դիմեն իրենց խնդիրներով, տեղյակ չլինելով իրենց իրավունքների մասին, չեն կարողանում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը: Այս գրասենյակի նպատակը հենց դա է՝ գրասենյակն ամենօրյա աշխատանքային ռեժիմով անվճար ծառայություններ է մատուցելու քաղաքացիներին, որպեսզի առաջին հերթին նրանք իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին և կարողանան հետամուտ լինել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը»,- ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ ամենևին էլ պատահական չէ, որ գրասենյակը Շենգավիթ վարչական շրջանում է. իրենք նկատի են ունեցել, որ այստեղ բավական մեծ է ամենատարբեր հիմնարկություններում աշխատավորների թիվը: «Այսօր աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրն իրոք հրատապ է, հատկապես` արհմիությունների չկայացածության պայմաններում: Մենք նաև այս հարցերով զբաղվող տարբեր ՀԿ-ների հետ համագործակցության եզրեր կգտնենք՝ մեր աշխատանքներն ավելի արդյունավետ տանելու համար, կհամագործակցենք նաև պատկան մարմինների հետ»,- ասաց Համբարձումյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, կարևորելով նման նախաձեռնությունը, նշեց, որ գրասենյակը բացելը ներկա զարգացումներով է պայմանավորված: Ավետիսյանի խոսքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետական որևէ մարմնի գործառույթ է, այլ պետք է հնարավոր ջանքերը ներդնեն նաև բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը, առանձին անհատներ, ովքեր ունեն նման հնարավորություններ: «Մենք պատրաստ ենք համագործակցել՝ նկատի ունենալով գրասենյակի հիմնական նպատակը, որը հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումն է: Իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակը դեռևս բավարար չէ մեր երկրում, ինչն ուղղակիորեն կապված է իրավունքների պաշտպանության հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ գրասենյակն իր առջև նպատակ է դրել օգնել աշխատողներին` գրագետ բանակցել գործատուների հետ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Կարևոր է նաև, որ աշխատողները կարողանան դատական կարգով պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքները»,- ասաց փոխնախարարը:

Նրա համոզմամբ՝ աշխատանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը, հավասարակշռված դրսևորումը ձեռնտու է նաև գործատուներին, քանի որ դա ուղղակիորեն կապված է աշխատողի արտադրողականության հետ: Առանց պաշտպանված իրավունքով աշխատողի, Թադևոսյանի հավաստմամբ, անհնար է պատկերացնել որակյալ աշխատուժ ու աշխատանք, ինչպես նաև կայուն զարգացում:

Ի դեպ, նորաբաց գրասենյակի գործունեությունը կհամակարգի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Էդգար Կոտոյանը, ում խոսքով՝ գրասենյակի հիմնական գործառույթները կայանալու են աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությունը: Ըստ Կոտոյանի՝ այդ իրավունքների պաշտպանված լինելն իր ազդեցությունն է ունենում հասարակական հարաբերությունների վրա: «ՀՀ օրենսդրությունը՝ որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, դիտարկում է աշխատողի դատական պաշտպանության իրավունքը: Աշխատողները հիմնականում իրազեկված չեն իրենց իրավունքների վերաբերյալ, իսկ այդ պարագայում դատարաններում իրենց իրավունքների պաշտպանության հարցում կարող են խնդիրներ ունենալ: Գրասենյակի առջև խնդիր է դրված նաև աջակցել աշխատողներին իրենց իրավունքները վերականգնելու գործում: Դա կարող է տեղի ունենալ մի քանի փուլով՝ գործատուների հետ բանակցություններ վարելով, դատական կարգով իրավունքները վերականգնելով և այլն»,- ասաց փաստաբանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքով էլ՝ եթե գրասենյակը հաջողի, կփորձեն նաև մասնաճյուղեր ունենալ մարզերում: Նրա կարծիքով՝ գրասենյակը երկու կարևոր խնդիր է լուծելու՝ աշխատողի իրավունքների մասին իրազեկվածության բարձրացում և այդ իրավունքների պաշտպանություն: «Որպես «Հրայր Մարուխյան» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ կարող եմ ասել, որ նման նախաձեռնություններն այս երկու հարցերը լուծելուն են միտված: Նախ պետք է մարդկանց իրազեկման խնդիրը լուծենք, որովհետև երբեմն նաև զարմանալի է՝ ինչքան իրազեկված չէ հասարակությունն իր իրավունքներից, սակայն նույնքան կարևոր է այդ իրավունքների պաշտպանության հարցը»,- ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ գրասենյակի վայրն աշխարհագրորեն չի սահմանափակում դիմողներին, այսինքն՝ ցանկացած վայրից կարող են դիմել իրենց:

Ի դեպ, գրասենյակ դիմելու համար անհրաժեշտ է կա’մ այցելել այնտեղ՝ Մանանդյան 20, կա’մ գրել նրանց ֆեյսբուքյան էջին, էլեկտրոնային հասցեին՝ info.aipg@gmail.com, կամ էլ ուղղակի զանգահարել 010-42-67-41, 096-99-66-04