- Հրայր Մարուխեան Հիմնադրամ - https://maroukhianfoundation.org/am -

Աբխազիա

Աբխազիան քաղաքական միավորում է Սեւ ծովի արեւելյան ափին եւ Կովկասի հարավարեւմտյան թեւին, որի կարգավիճակը վիճելի է: Աբխազիայի Հանրապետությունը իրեն անկախ պետություն է համարում: Այն ճանաչվել է Ռուսաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի, Նաուրույի, ինչպես նաեւ Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի կողմից: Վրաստանի կառավարությունը եւ աշխարհի բազմաթիվ պետություններ Աբխազիան Վրաստանի մաս են համարում:

Աբխազիայի կարգավիճակը վրաց-աբխազական հակամարտության առանցքային հարցն է: Այդ շրջանը մինչեւ 1991 թ.-ը Սովետական Միության մաս է կազմել: Քանի որ 1980-ականների վերջերին Սովետական Միությունը սկսվեց փլուզվել, աճեց աբխազների եւ վրացիների միջեւ էթնիկ լարվածությունը: 1992-1993 թթ. այն հանգեցրեց պատերազմի Աբխազիայում, որի արդյունքում Վրաստանը պարտություն կրեց, Աբխազիան դե ֆակտո անկախություն հռչակեց եւ սկսվեց Աբխազիայից վրաց բնակչության մասայական գաղթը եւ էթնիկ զտումը: Չնայած 1994 թ.-ի զինադադարի եւ տարիներ տեւած բանակցությունների, կարգավիճակի հարցը չի լուծվել: 2008 թ.-ի օգոստոսին, հարավօսիական պատերազմի ժամանակ, կողմերը կրկին բախվեցին, որին հետեւեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչումը եւ ՄԱԿ-ի եւ ԱՊՀ առաքելությունների ավարտը:

Աբխազիան զբաղեցնում է 8,600 կմ2 տարածք, մայրաքաղաքն է Սուխումը: Սուխում քաղաքի բնակչությունը ավելի քան 50 հազար է: Աբխազիայի բնակչությունը, որը ներկայումս ավելի քան 320 հազար մարդ է (2001) կազմում են աբխազներ, վրացիներ, հայեր, ռուսներ, հույներ, էստոնացիներ, գերմանացիներ, լեհեր եւ հրեաներ: