Հրայր Մարուխյան՝ հեռատես առաջնորդ

Հրայր Մարուխյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության ակնառու անդամ էր եւ կուսակցության երկարամյա ներկայացուցիչ, ով իր մահկանացուն կնքեց 1998 թ.-ին: Իր ղեկավարության օրոք Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերամիացավ Սոցինտերնին:

Հրայր Թորգոմի Մարուխյանը ծնվել է 1928 թ.-ի դեկտեմբերի 19-ին Իրանի Քերմանշահ քաղաքում: Ավարտելով Իրանի Պետական Համալսարանի մեքենագիտական ճարտարագիտության բաժինը, հետագայում նա հիմնեց իր սեփական ճարտարագիտական ձեռնարկությունը:

Վաղ տարիքից անդամակցել է ՀՅԴ Թեհրանի Երիտասարդական միությանը, այնուհետեւ Հ.Յ. Դաշնակցությանը: Եղել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միության հիմնադիրներից մեկը, հետագայում տնօրենը: Ազգային-հասարակական գործունեության առաջին քայլերից դրսեւորել է կազմակերպական ակնառու ձիրք եւ գաղափարական սկզբունքայնություն:

1963 թ.-ին, որպես ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ` ընկ. Հրայր Մարուխյանը մասնակցել է ՀՅԴ 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխության առումով ՀՅԴ պատմության մեջ կարեւոր նշանակություն է ունեցել: Դրոների, Նավասարդյանների, Վրացյանների սերնդին փոխարինելու եկավ Սփյուռքի ափերին ծնված եւ կազմավորված երիտասարդությունը: Որպես այդ սերնդի ականավոր ներկայացուցիչներից մեկը` Հրայր Մարուխյանը ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1964 թ.-ի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվեց Լիբանան, որի մայրաքաղաքում էր գտնվում ՀՅԴ Բյուրոյի նստավայրը:

1967 թ.-ին` ՀՅԴ Ընդհանուր Ժողովին, նա վերընտրվեց երիտասարդ կազմ ունեցող ՀՅԴ Բյուրոյի անդամ, իսկ 1972 թ.-ի ապրիլին` Բյուրոյի ներկայացուցիչ Ա. Քաբաքյանի մահից հետո, ստանձնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պարտականությունները: Նույն տարվա դեկտեմբերին կայացավ ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովը, երբ որդեգրվեց Դաշնակցության վերջին քառորդ տարվա գործունեությունը պայմանավորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխյանը ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ: Այնուհետեւ, մինչեւ 1994 թ.-ի հուլիսի 17-ի ճակատագրական օրը, նա հաջորդաբար վերընտրվեց այդ պաշտոնին:

Քաղաքական եւ կազմակերպական առումներով Դաշնակցության համար նոր հանգրվան սկսվեց 1988 թ.-ին, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, երբ Արցախյան շարժման հետ Դաշնակցության գործունեության առանցքը դարձավ «Դեպի Երկիր» նշանաբանի իրագործումը: Անձամբ գլխավորելով կազմակերպության վերընձյուղման աշխատանքները հայրենիքում` Հրայր Մարուխյանը, որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, գործուն ներկայություն ունեցավ Հայաստանի քաղաքական թատերաբեմի վրա` Արցախի ազգային-ազատագրական պայքարին եւ Հայաստանի ազգային զարթոնքի շարժմանը ըստ ամենայնի զորաքցելու առաջադրանքով:

Դաշնակցության հարաճուն ժողովրդավարությանը հարված հասցնելու նպատակով 1992 թ.-ի հուլիսի 29-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ելույթից հետո արձակեց Հայաստանից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի արտաքսման հրամանագիրը:

Այնուհետեւ, ավելի քան երկու տարի, մինչեւ 1994 թ.-ի հուլիսի 17-ը, Հրայր Մարուխյանը դարձավ իշխող վարչախմբի բռնապետական քայլերի դեմ ծավալված քաղաքական պայքարի խորհրդանիշը:

Հրայր Մարուխյանը իր մահկանացուն կնքեց 1998 թ.-ի դեկտեմբերի 21-ին: Նրա փափագն էր ապրել Հայաստանում եւ իր կյանքը նվիրաբերել նորանկախ Հայաստանի ապագա հզորացման գործին: Սակայն ճակատագիրը այլ կերպ դրսեւորվեց: Հայաստանի նոր իշխանությունները վերանայեցին 1992 թ.-ի հուլիսի 29-ի որոշումը եւ Հրայր Մարուխյանի աճյունը տեղեփոխվեց Երեւան: 1998 թ. դեկտեմբերի 26-ի թաղման արարողությանը ներկա էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մի շարք նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնատար անձիք աշխարհի տարբեր մասերից: Զինվորականներով ուղղեկցվող թաղման թափորը շարժվեց Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի սրահից մինչեւ Քաղաքային Պանթեոն, որտեղ հանգչում են հայտնի հասարակական գործիչներ: Կիրակի օրը, 1998 թ.-ի դեկտեմբերի 27-ին Էջմիածնի Մայր Տաճարում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր եկեղեցիներում, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:

Հրայր Մարուխյանի նվիրվածությունը եւ հավատարմությունը հայ ժողովրդին, նորանկախ Հայաստանի Հանրապետության հզորացմանը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին միշտ մեծ պատկառանքով կհիշվի ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցության, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *